Հենրիկ Իգիթյան 1982թ.
"Վրույր Գալստյան"
Արվեստի մեջ մարդկության անցած ճանապարհը չափազանց հարուստ է ու գեղեցիկ:
Համեմատաբար ոչ մեծ պատմական ժամանակահատվածում սովետահայ կերպարվեստում ծնվեցին հետաքրքրագույն վարպետներ, որոնց ստեղծագործությունը, անտարակույս, նկատելի հետք կթողնի ժողովրդի մշակույթում:
Փոխվում են սերունդները, հարստանում է ժամանակակից հայ գեղանկարչության գանձարանը, ետևում են մնում կրքերն ու բախումները, վեճերն այն մասին, թե որն է ճշմարիտը: Մի վեճը լռում է, մյուսը` ծնվում, և դա նույնքան բնական է, որքան երկրի վրա
Դեռ մինչև վերջերս Վրույր Գալստյանին համարում էին երիտասարդ նկարիչ: Ժամանակն աննկատ անցավ, և հիմա Վրույր Գալստյանին իրավամբ հիշատակում են միջին սերնդի արվեստագետների շարքում: Շատ տարիներ առաջ, առաջին անգամ նկարչի ստեղծագործություններին հանդիպելով` ես զուտ ենթագիտակցորեն զգացի բացարձակ ինքնուրույն, ինչ-որ տեղ անբացատրելի, իր գործընկերներից զարմանալիորեն տարբերվող ստեղծագործական անհատականություն: Նրա ստեղծագործութլան ակունքները զուլալ էին` չընդօրինակող: Այնինչ, նույնիսկ մեր սիրած վարպետները բավականին երկար են փնտրել իրենց դավանանքը` դիմելով բնական ընդօրինակումների ձերբազատվելով ազդեցություններից, մինչև որ գտել են իրենց սեփական դիմագծերը:
Մեր օրերում մարդկությունը նոր տարածություններ է հայտնաբերում տիեզերքում: Հաղորդագրությունները կայծակի արագությամբ տարածվում են աշխարհով մեկ: Ընդլայնվել է ժամանակակից մարդու տեսադաշտը, ընկալման տարածքը: Հասարակական կյանքի այլ ոլորտների հետ միասին նշանակալի կերպարանափոխվել է արվեստը: Սակայն եթե գիտության և տեխնիկայի առաջադիմությանն ու հայտնագործություններին մենք արագորեն վարժվում ենք ու դադարում զարմանալ` հաշվի առնելով դրանց կիրառական առանձնահատկությունը, ապա արվեստը շարունակում է հուզել ու զարմանք պատճառել: Որքան ավելի է առաջադիմում մարդկությունը, այնքան ավելի է դժվարանում անհատականությունների գործը , այնքան ավելի են բարդանում ստանդարտացմանը հակադրվող բացառիկության պրոբլեմները: Բայց և այնպես, որքան էլ դա անսովոր թվա, շարունակում են ծնվել անհատականություններ, որոնք ստեղծվում են բացառիկը արվեստում: Եթե անցած դարաշրջաններում հստակորեն սահմանազատվում էին տարբեր ժողովուրդների ճարտարապետությունը, կահույքը, ամեն տեսակ կահկարասին, ապա այժմ ողջ հողագնդում ստանդարտանում են շենքերը, բնակարաները, կահույքը, նավախցերը, սալոնները, հագուստը և այլն: Առավել, ուրեմն, զարմանալի է անհատականությունների ծնունդը, առավել ևս մարդուն անհրաժեշտ է արվեստի կենդանի շունչը, նրա նորոգող էներգիան: Արդի հայ արվեստը տվել է ոչ քիչ հետաքրքիր դեմքեր: Եթե մոտիկից զննելու լինենք` այդ պրոցեսը ընթանում է աննկատ: Սակայն ի մի բերելով տասնամյակները, ամենայն ակներևությամբ տեսնում ենք հայկական մշակույթի վերածնության սկիզբը: Չի կարելի ասել, թե այդ պրոցեսն ընթանում է հարթ ու անարգել, մի բան, որը, ի դեպ, չի եղել և ոչ մի դարաշրջանում…
‹‹Տիեզերքը չունի չափ ու սահման, այն անվերջ է ու անեզր››,- այս գաղափարն էր, որ կառափնարան տարավ Ջորդանո Բրունոյին: արվեստի ‹‹ճշմարիտ գիտակները›› չէին ընդունում Վան-Գոգին, որը ձեռք բարձրացրեց գեղանկարչության կանոնների վրա: Նկարչի մեծ ժամանակակիցներից մեկը նույնիսկ հարձակվեց նրա կտավների վրա` անվանելով ‹‹խելագարի խզբզանք››: Ոչ սովորական մտածողությունը մշտապես առաջ է բերում զայրույթ ու ‹‹տարօրինակ›› դրսևորումների մերժում: Սակայն մարդու միտքը շարունակում է իր դժվարին ընթացքը չտրորված սահմաններում` նվաճելով ճանաչողության նորանոր բնագծեր: Ձևական տրամաբանությունն ու համեմատումները խոչընդոտում են մեր կողքին ապրող ստեղծագործողների երևակայության ընկալմանը: Այսպես եղել է բոլոր ժամանակներում: Մերը այս իմաստով քիչ է տարբերվում նախորդներից, և այս դատողությունները բերվում են ոչ թե որպես նախատինք, այլ ավելի շուտ, շուրջը տեղի ունեցող անցուդարձի առավել համբերատար իմաստավորման կոչ:
Հավանորեն դիտողը պետք է ունենա երևակայության որոշակի չափ կամ առնվազն վստահի ստեղծագործողին և ցանկություն հանդես բերի մոտենալու նրա որոնումների բարի աշխարհին:
Վրույր Գալստյանը բարդ արվեստագետ է, նրա ստեղծագործությունների ընկալումը պահանջում է դիտողից ոչ այնքան տեսական պատրաստություն, որքան զգացողության կափույրների բացում, պատրաստակամություն` չծածկվելու հերթական ժխտման անխոցելի վահանով, հասկանալու այն ճշմարտությունը, որ արվեստում չեն կարող լինել դոգմատիկ շրջանակներ:
Առաջին իսկ այցելությունս Վ. Գալստյանի փոքրիկ սենյակ, ուր նա աշխատում էր, ուշադրությունս գրավեց ոչ մեծ մի նատյուրմորտ, որն առ այսօր էլ պահպանում է իր գեղարվեստական արժեքը: Բավական անսովոր գործ է դա: Ծռմռված շրջանակին ձգած, մի քանի պատառիկից կարված կոպիտ կտավի վրա պատկերված է մի սովորական թեյաման: Ամեն ինչ պարզ է ու զարմանալի, խորն ու գեղեցիկ: Հնարավոր է մի օր այդ փոքրիկ նատյումորտը կցուցադրվի երկու կողմից, որպեսզի երևա թե՛ նրա ճշմարիտ գեղանկարչական որակը, և թե՛ հեղինակի խորին սերը արվեստի նկատմամբ: Միգուցե այց չհորինված ու փոքր-ինչ սենտիմենտալ դրվագը այն բանալին է, որ պիտի օգնի ըմբռնել Վրույր Գալստյանի բարդ ստեղծագործական ուղին, նկարչի, որին պարբերաբար չեն ընդունել, չեն հասկացել, հետո ընդունել են ու հասկացել, իսկ նա մշտապես բարդացրել է խնդիրները, և այդպես, մինչև օրս, և այդպես, հավանաբար, մինչև կյանքի վերջը: Կարևորն այն է, որ այստեղ միանգամայն բացակայում է էֆեկտի, արտասովորության մարմաջը: Եղել և շարունակվում է ինքնաճանաչման դժվարագույն և տառապալի պայքարը, անվերջանալի ներթափանցումը գեղանկարչության անկրկնելի ու չկրկնվող, արվեստի հավետ հարստացող ու ընդլայնվող տիրապետության գաղտնիքների մեջ:
Արվեստանոցում պահպանվել է Վրույր Գալստյանի ուսանողական աշխատանքներից մեկը` կանանց երկֆիգուր կոմպոզիցիան, որը դեռ այն ժամանակ վկայել է գեղանկարի լուրջ վարպետի ծնունդը: Արդեն ուսանողական տարիներին նա ներկայացել է իբրև հասուն արվեստագետ: Այն ճշմարտությունը, որ նկարիչ չեն դառնում` նկարիչ ծնվում են, այստեղ հաստատվում է ամենայն ակներևությամբ: Ուսանողական կոմպոզիցիան աչքի է ընկնում զարմանալի հասուն, առնական երփնագրով, հաստատ ու վստահ գծանկարով, թանձր, հագեցված ֆակտուրայով: Սերտածության, արհեստականության, աշակերտական անվարժության ոչ մի հետք: Այդ տարիների նատյուրմորտներում և դիմանկարներում առարկայի, անձի նշանակությունը շեշտելու ակնարկ անգամ չկա: Նկարիչը նկարել է այն ամենը, ինչը տեսել է շուրջը` առաջին հերթին ջանալով խորամուխ լինել գեղանկարչության գաղտնիքների մեջ, հաստատել իր ձեռագիրը:
Ինքնանկարը, Նորքի հիվանդանոցում արված տղամարդու դիմանկարը, զարմանալի գեղեցկատես հայուհու պատկերը և նատյուրմորտները խոսում են տաղանդավոր գեղանկարչի ճշմարիտ հասունության, նրա խոր անհատականության մասին: Վրույրի վերաբերյալ դժվար է ասել` աշխատում է նատյուրմորտի, թեմատիկ նկարչության, դիմանկարի, բնանկարի մարզում: Նա աշխատում է գեղանկարչության մարզում: Ոչ մի բառ չես ասի և բանաստեղծական աշխարհազգացողության մասին: Ընդհակառակը` նրանը պրոզա է, հողի պես, Հայաստանի քարքարոտ հողի պես կարծր պրոզա…
Վրույրի սիրած գրողներն են Սերվանտեսն ու Չարենցը: Սիրած գրական հերոսն է Դոն-Քիշոտը: Բազում վարիացիաներ է նվիրել նա այդ, թվում է, հակադիր, ժամանակով, դարաշրջանով իրարից հեռու կերպարներին, որոնք, սակայն, հարազատ են միմյանց ոգով, անզիջում հաստատակամությամբ, մարդասիրական հիմքով: Բազմիցս անդրադառնալով նվիրական թեմաներին` նկարիչը երբեք չի կրկնվում, այլ գընում է անսպառ բանաստեղծաէպիկական կերպարների նորանոր լուծումներ: Հաջողության գրավականը. Հրաժարումն է հերոսների իլյուստրատիվ, գրականահոդ պատկերումից: Պլաստիկական ձևերի մոնումենտալությունը դիմանկարներին հաղորդում է առանձնահատուկ, ժանրակենցաղային վավերականությունից հեռու նշանակություն: Բայց թերևս առավել հաճախ Վրույր Գալստյանը ինքնադիմանկարներ է վրձնում: Հավանաբար հենց այստեղ է, որ ամենից ավելին դյուրին պիտի լինի նկարչի նպատակասլաց էվոլյուցիան զննելը, էվոլյուցիա, որ ընթացել է կոնկրետ, նատուրայի պատկերումից դեպի ձևի մոնումենտային ընդհանրացումը: Ճշմարիտն ասած` վերջին տարիների պատկերումները դժվար է ինքնադիմանկարներ անվանել բառիս սովորական իմաստով: Ինքնադիմանկարների թեմայով արվեստագետը լուծում է խնդիրներ, որոնք բացարձակապես հեռու են ինքնահիացումից, ինքնաթմբկահարումից: Այստեղ դարձյալ նույն գեղանկարչական խնդիրներն են` ամուր կոնստրուկտիվ եզրագծով պարփակված գույների արտասովոր թանձրության և ինտենսիվության զուգակցում: Որքան էլ դա պարադոքսային հնչի, ինքնադիմանկարների մեջ զգում ես Հայաստանի զուսպ ու վսեմ բնությունը, նրա խստությունն ու նախագոյությունը:
Վրույրի մեծ թե փոքր, նշանակալի և ոչ նշանակալի ստեղծագործությունները ժամանակի հետ չեն կորցնում արտահայտչությունն ու համոզչությունը, նրանց բովանդակած իմաստը չի հնանում, չի կորցնում ուժն ու նշանակությունը: Թվում է, էլ ինչը կարող է լինել ավելի առօրեական, քան պատից դուրս ցցված ծորակը կամ կողքին դրված գավաթը: Չկարծեք, թե Վրույրի փոքրիկ կտավը դիտելիս դուք ցանկություն պիտ զգաք հագեցնել ծարավը աղբյուրի սառնորակ ջրով: Բայց մի՞թե, երբ ձեր առջև Սեզանի տանձերն ու խնձորներն են, ձեզ գաստրոնոմիական զգացումներ են համակում: Գեղանկարի երաժշտությունը, որ չունի իր նմանը, անվերջ ու երբեք չի հագեցնում, կլանում է ձեզ, և դուք դառնում եք նրա երջանիկ գերին:
Մերօրյա նկարիչները անցյալի վարպետներից էապես տարբերվում են մի կարևոր հարցում: Հնում, գովերգելով գեղեցիկը` ստեղծագործողը հաճախ իր գործերի համար ընտրում էր գեղեցիկ իրեր, գործվացքներ, ժանյակներ, հարուստ հագուստներ, ոսկի, ապակի և արդեն պատրաստի գեղեցիկը հրամցնում դիտողին` որպես կանոն ձգտելով պատրանքի: Հասկանալի է` տաղանդավորը` տաղանդավոր ձևով, ապաշնորհը` ապաշնորհ:
Մեր օրերում նկարիչը, ասենք, ծորակ կամ թիթեղյա գավաթ պատկերելիս ասպարեզ է հանում ոչ այնքան պատկերման առարկայից արտանկարվող, ոչքան հեղինակի սրտից բխող, նրա ինքնարտահայտման ուժով պայմանավորված գեղեցիկը: Հենց Վրույր Գալստյանի պես նկարիչների ստեղծագործության մեջ է, որ ամենաառօրեական, սովորական առարկաները ձեռք են բերում հատուկ գեղեցկություն և իմաստ, բացահայտում արվեստագետի հոգու բովանդակությունը: Մաներայնության, մոդայի վտանգը երբեք չի սպառնում Վրույրին: Նա այնքան է կլանված աշխատանքի պրոցեսով, ամեն ինչ մոռացած այնքան է ընկղմվում նկարչության մեջ, որ ստեղծածն արտահայտում է զուտ անձնական զգացողություններ:
Արտաքուստ առինքնող չէ Վրույրի արվեստը. ոչ սյուժեի բացառիկ ընթերցում, ոչ հավակնոտ նորարարություն: Արժեքավորը իսկությունն է, որ այնքան էլ հաճախ չի հանդիպում, սակայն դա է, որ պարտության է մատնում ժամանակին: Նկարչի յուրաքանչյուր վրձնահարվածը իր մեջ նյարդ ունի, ապրումներ ձգտում` առավել սպառիչ արտահայտելու իրեն: Ճիշտ այնպես, ինչպես անհաջող ճարտարապետական կառուցվածքն է հակասության մեջ մտնում Հայաստանի բնության հետ, բայց անցնում է որոշ ժամանակ, և նորից համոզվում ենք, որ ճշմարիտ ներդաշնակությունը իսկության մեջ է, հարազատ բնության հետ օրգանապես մերվելու մեջ: Վրույրի յուրաքանչյուր նկարի ներկածածկի տակ պահված է մի քանի ավարտուն, և մեզ` դիտողներիս համար ընդունելի նկարներ, որոնք, սակայն, ընդունելի չեն իր և իր արվեստակիցների նկատմամբ վերին աստիճանի պահանջկոտ, անդրդվելի հեղինակի համար: Կարելի է ատել նկարչական քերիչը, որով նա, արածից դժգոհ` մշտապես քերում է ներկի թանձր շերտերը: Սակայն նրան անհնար է կասեցնել: Եվ, հավանաբար, իրավացին արվեստագետն է և ոչ թե քննդատները: Նա իրենից պահանջում է ավելին: Վրույրի բնութագրի համար սա կարևոր փաստ է: Խառնվածքի ամբողջականությունը, արտասավոր մտասևեռումն ու վիթխարի հավատը արվեստի նկատմամբ` նրա բնավորության հատկանշական կողմերն են: Նա նկարիչ է իր բովանդակ էությամբ...
Վրույր Գալստյանի ստեղծագործությունները մոնումենտալ են: Նրանց, ասես, չեն բավարարում, նեղ են թվում նկարի չափերը, նրանք տենչում են որմնանկարային ծավալներ, վիթխարի լուծումներ: Սովետական արվեստաբան Վ. Մեյլանդը գրում է ‹‹Վ. Գալստյանի վերջին տարիների ստեղծագործությունները կարող են դիմանալ չափազանց մեծ խոշորացումների, ընդ որում՝ չկորցնելով գեղարվեստական որակը։ Դրանց համար նեղ են փայտե շրջանակները և խորթ է կտավի ֆակտուրան։ ‹‹Բնանկարային լռության›› մեջ ընկղմված յուրաքանչյուր ինքնադիմանկար թվում է գերհսկա (նույնիսկ թանգարանը նեղ է թվում նրանց), յուրաքանչյուրն իր համար, առնվազն, մի շենք է պահանջում, որպեսզի նայի քաղաքին, և քաղաքն էլ՝ իրեն››։
Հայաստանի ժամանակակից արվեստի թանգարանը դիտելիս ականավոր մեքսիկացի նկարիչ Սիկեյրոսը մեծ հիացմունքով արտահայտվեց Վրույր Գալստյանի ստեղծագործությունների մասին։ Մասնավորապես նա ասաց. ‹‹Այս հայ նկարիչը հաջողությամբ կարող էր աշխատել մոնումենտալ արվեստի մարզում››։ Ի դեպ, Վրույրը երկար ժամանակ աշխատում էր ‹‹Ռոսիա›› կինոթատրոնի մոնումենտալ ապակենկարի (վիտրաժ) էքսկիզների վրա, որոնց, ցավոք, վիճակված չէր իրականանալու։ Վրույրի երկերը մոնումենտալ ինքնին։ Ունենալով ինքնուրույն ֆունկցիա՝ դրանք ինքնըստինքյան որմնանկար դառնալու հավակնություն չունեն, մի բան, որ, բնականաբար, կպահանջեր առանձնահատկությունից բխող համապատասխան լուծումներ։ Նրա շատ կտավներ ապակենկար են հիշեցնում, սակայն վերջինս չի կարող բովանդակել այսքան հարուստ գունային երանգներ։
Գծանկարը, կոմպոզիցիան, իրենց հասկացությունների ավանդական իմաստով, նկարչի կողմից վանված են, շատ առարկաներ կամ կռահվում են կամ բնավ չեն նշվում։ Կտավների վրա ֆանտաստիկ տեսիլքներ են, սակայն աբստրահումը չի վերածվում նշանների կամ սխեմատիկ երկրաչափականացման։ Եռանդուն գեղանկարչական միսն ու արյունը՝ հզոր երկրագծի մեջ առնված, այն հիմքն է, որ նկատվում էր դեռևս նրա ստեղծագործության վաղ շրջանում, այստեղ արդեն իր ինքնավար տարերքի մեջ է, սակայն ներքուստ ներդաշնակ բաղադրիչներով, լարված, բաբախող հնչողությամբ։ Նման մեկնաբանությունը պետք չէ ընկալել որպես ինքնանպատակ մի բան։ Վրույր Գալստյանի արվեստը դիտողից պահանջում է տևական մտորումներ, աստիճանական ընտելացում։ Նկարչին բնորոշ է արտաքուստ անշարժ, սակայն ներքուստ շարժուն, ամփոփ աշխարհի ստեղծումը, դրա համար էլ նրա մոնումենտալ կտավները առլեցուն են շարժուն գեղանկարչական ենթատեքստերով, ծայրաստիճան լարված են, հաճախ անտրամաբանական և հենց դրանց համագործակցության մեջ է կիզակետվում հզոր էներգիան, ներդաշնակությունն ու տրամաբանությունը։
Վրույր Գալստյանի գործերը զերծ են էֆեկտներից և արտաքին գրավիչ տարրերից։ Դա մի աշխարհ է, ուր պրոբլեմները ծագում են ոչ թե թուլությունից, այլ ուժի գերառատությունից, գործն ավելի լավ անելու ցանկությունից, ոչ թե ինչ-որ մեկին համոզելու, հաճոյախոսելու համար, այլ նախ և առաջ ինքն իրեն համոզելու ձգտումից։ Խթանը՝ մշտական անբավարարվածությունն է, ճշմարիտ գեղանկարչական որակի հասնելու փափագը։
Արվեստի գործի արժեքը չես չափի ո°չ կշեռքի նժարով, ո°չ քանակով։ Համեմատությունը միշտ չէ որ թույլ է տալիս հանգելու ստույգ գեղարվեստական չափանիշի։ Ժամանակն իր ընտրությունը կատարում է ավելի խիստ ու ճիշտ. նա դեն է նետում հաշվենկատության ու շահախնդրության յուրաքանչյուր դրսևորում, մնում է լոկ այն վճիտը, որակյալը, հավերժականը, որից, ի վերջո, կազմվում է արվեստը։ Ճշմարիտը եղել է ու կա մարդուն շրջապատող կյանքը, հայրենի հողը, սեփական պրիզմայի միջով աշխարհի մաքուր, նորաստեղծ ընկալումը։ Մի՞թե անցյալի մեծ վարպետները երբևէ մտահոգվել են, թե ինչպես լինեն ավելի արդիական, ավելի ազգային։ Իրենց զգացողությունները նրանք արտահայտում էին բնական, օրգանապես հայրենի հողին ամուր հենված։
Սկսած ամենավաղ գործերից ու վերջացրած նորերով՝ Վրույր Գալստյանի մոտ դժվար չէ նկատել նմանության բացարձակ բացակայություն ոչ միայն հայկական գեղանկարչության, այլև մեզ հայտնի որևէ սկզբնաղբյուրի հետ։ Այստեղ իսպառ մերժվում են չգիտակցված արձագանքը, անաքրոնիզմը, մոդեռնիզմի հայտնագործումներին մերձենալու ձգտումը։ Սա մի երևույթ է, որ ծնել են մեր հողը, մեր բնությունը, որ անհատական է բացարձակապես, չունի նախորդներ և չի բացառում հետնորդների հնարավորությունը։ Վրույր Գալստյանի ստեղծագործությունը ներփակված է ինքն իր մեջ և կմնա այդպիսին։ Այստեղից էլ՝ մշտապես առաջադիմող ու կերպարանափոխվող բազում պրոցեսներ չըմբռնելը։ Տարբեր, ոչ նման լինելը տարակուսանք է հարուցում, համեմատելու անհնարինությունը անակնկալ է բերում, ծնում վեճեր կամ մերժում և սակավ դեպքերում՝ հիացմունք։ Մենք գործ ունենք գեղանկարչության այն հազվագյուտ տիպի հետ, որի գաղտնիքի բացահայտումը շատ կողմերով կկանխորոշի ժամանակը։ Տարիքը արգելք չէ Վրույր Գալստյանի համար։ Նրա ստեղծագործությունը կառաջադիմի այնքան, քանի դեռ ձեռքում կարող է վրձին բռնել։ Այստեղ հարկ չկա գուշակություններ անել, նախատեսել։ Կանխագուշակման հիմքը նկարչի ստեղծագործության փաստերում է։ Զուր չէ, որ մեծ Սարյանը նրան համարում էր "հատուկ ուշադրության արժանի երևույթ"։
Էլեն Գայֆեջյան 1988թ.
"Խավարից դեպի լույս"
Վրույր Գալստյանի գեղանկարները նկարված են եռանդուն թանձր վրձնահարվածներով, որոնք ասես կտավի վրա են նստում սրընթաց արագությամբ՝ զգացական հուզականություն հաղորդելով նույնիսկ ամենաստատիկ կոմպոզիցիաներին: Այս վրձնահարված-գծերով էլ ծեփվում է պատկերվող առարկայի ծավալաձևը: Եվ ինչպես արու մեղուները, կատարած լինելով բնությունից նախասահմանված իրենց դերը, մեռնում են նոր կյանքի բեղմնավորման պահին, այնպես էլ բազմագույն վրձնահարվածների անդադար հոսքով ու միաձուլումով կազմավորված գծածավալային ձևն ամբողջովին լուծվում է իր իսկ հյուսած գունային կառուցվածքի մեջ: Հենց վերջինս էլ Վրույրի կտավների կերպարային-հուզական բովանդակության հիմնական արտահայտիչն է ու կրողը:
Վրույրի բազմաթիվ կոմպոզիցիաներում լույսը հանդես է գալիս իր ուղղակի նշանակությամբ՝ որպես արևից սերված և կյանք պարգևող: Արևը, Լույսը, Կյանքը Վրույրի համար հոմանիշեր են: Նա ջերմեռանդորեն երկրպագում է իրեն հայտնված այդ երրորդությանը, որը նրա գեղարվեստական գիտակցության մեջ ասես նույնանում է Հավերժության հետ: Վրույրի գեղանկարչությանը բնորոշ այդ փոխաբերության և դիտողի միջև միջնորդը լույսի խրձեր շողարձակող նրա կտավների աննկարագրելիորեն հնչուն, լարված գույնն է:
Իսկ ընդհանուր առմամբ Լույս հասկացության պատկերավոր իմաստը Վյույրի արվեստում այսպիսի ընթերցում է ենթադրում. Լույսն ուղի է դեպի ճշմարտություն: Գունային ռիթմերի, գունային ձևերի, գունային կոմպոզիցիաների խելահեղության հետևում զգում ես ի հեճուկս ամեն ինչի դեպի Լույս (Ճշմարտություն) ճանապարհ հարթող մարդու կամային ջանքերը: «Խավարից դեպի լույսե,- Վան Գոգի այս խոսքերի մեջ էլ, որոնցում նա տեսնում էր ավետարանական հիմնական ճշմարտությունը, ըստ երևույթին, ամփոփված է Վրույրի գեղանկարչության բովանդակության էությունը:
Եթե ընդհուպ մինչև 20-րդ դարի սկիզբը համաեվրոպական արվեստն ամբողջովին հիմնվում էր իրական առարկայականության արտաքին ձևի և թաքնված բովանդակության նույնականության վրա, ապա Վրույրի ստեղծագործություններում մաքուր գույնը ամբողջովին «մետաֆիզիկականե է: Թեև նկարչի համար իրերի տեսանելիությունն ինքնին արդեն ոչ մի նշանակություն չունի, սակայն պատճառն ամենևին էլ բնական սկգբնաղբյուրից լիակատար կտրվածությունը չէ: Վրույրի գեղարվեստական երևակայության մեջ, նույնիսկ երբ նա դիմանկար է նկարում, չկա առարկայականորեն գոյություն ունեցող որևէ ձև, թեկուզև վերացականացած, որ պատկերման միջոց ծառայած լիներ նրա համար, մինչդեռ տեսանելի ձևը կարելի Էր, ինչպես նա անում էր 1960-ականներին, կտրատել ու ձևախախտել՝ գեղանկարչական նոր իրականություն ստեղծելու համար: Հասկացական, նշանային այն իմաստի արտահայտման համար, որ Վրույրն այդուհետ դնում է իր ստեղծագործությունների հիմքում, բավական էին երկրաչափական վերացական ձևերը, ինչպիսիք են ուղիղ և թեք գծերի հատվածները, շրջանը, եռանկյունը, շեղանկյունը, սլաքը, այս կամ այն չափի ու ձևի բիծը: Փնտրվող գեղարվեստական կերպարը Վրույրը կառուցում է՝ այդ մեկուսի մոտիվների հնարավոր տարատեսակները համակցելով տրամաբանական որոշակի հաջորդականությամբ: Եվ այս արարչական գործունեության փաստն ինքնին թերևս ամենևին էլ վերջին դերը չի խաղում գեղանկարչի ստեղծագործության իմաստային հայեցակարգի ըմբռնման մեջ. արարումը հակադրել ավերմանը. Լույսը՝ խավարին:
Հիշողությանս մեջ հառնում է Վան Գոգի՝ իր ժամանակի համար նորարարական գաղափարը՝ ստեղծել գեղանկարչական անսամբլներ՝ արևածաղիկների, այգիների, ձիթապտուղների, Պրովանսի պատկերների շարքեր, որոնք՝ կընկալվեին որպես միասնական գունային «դեկորներե, որպես ամբողջական պաննո, որի գեղանկարչական օղակներից յուրաքանչյուրը պետք Է ուժեղացներ և լրացներ մյուսին: Ավելի շուտ ենթագիտակցաբար, քան Վան Գոգի մտահղացմանը քաջատեղյակ լինելով՝ Վրույրն ասես առաջարկում Է դրա իրականացման իր տարբերակը, որը հայեցակարգային բարձր մակարդակով կապվում Է անդրավանգարդային մի քանի ուղղությունների, առաջին հերթին՝ «լենդարտիե ուղղվածությանը: Այսպես, արտահայտվելով գեղարվեստական նորագույն մշակույթի ոճական տարբեր ձևերով, բացահայտվում ու հաստատվում Է «աշխարհի վերանձնային գեղարվեստական կաղապարիե առեղծվածը:
Վրույր Գալստյանի՝ ոչ թե անհատին, այլ զանգվածներին ուղղված արտտարածությունը Լույսի տիրապետող կերպարն Է՝ լարված ու հզոր Էներգիայով առլեցուն: Եվ հենց սրանով Է պայմանավորված 20-րդ դարի արվեստի ոճական առաջնային խնդրի մշակման գործում հայ վարպետի ներդրման բացառիկությունը:
Արա Վահունի 2004 թ.
"Եգիպտական բուրգերի և Վրույր Գալստյանի գաղտնիքը"
Ամեն անգամ Վրույր Գալստյանի նկարները դիտելիս, ինձ այնպիսի զգացում է համակում, կարծես եգիպտական բուրգերի մոտ եմ հայտնվել, որոնց հզորության դեմ իմ փոքրությունն ու տիեզերական միայնակության զգացումն եմ ապրում: Ես երկար ժամանակ այդ զգացումը բուրգերի հսկայական չափերին էի վերագրում, բայց երբ տարիներ առաջ ես մի առիթով, մեր մեծ մաեստրո Երվանդ Քոչարին այսպիսի հարց տվի, թե ինչպե՞ս է նա կարծում, ո՞րն է աշխարհի ամենահին արվեստը, նա առանց հապաղելու պատասխանեց, որ ամենահին արվեստը քանդակագործությունն է:
Ասաց` և իմ զարմացած հայացքը տեսնելով, նա իր խոսքը հաստատելու համար, ավելացրեց.-Այո, այո: Այն պահից, երբ մարդը պառկած քարը բարձացրեց և ուղղահայաց կանգնեցրեց, այդ պահից ստեղծվեց աշխարհի ամենահին և առաջին արվեստը: Ասաց և նորից ավելացրեց. ‹‹ԵՎ այդ պահին, նա իր ամենապարզ և ամենահանճարեղ քանդակը ստեղծեց, որից հետո բոլոր քանդակները, այդ քանդակի ածանցյալներն են››:
Մաեստրոյի այս պատասխանից հետո նոր ինձ համար պարզ դարձավ, եգիպտական բուրգերի և Վրույրի արվեստի գաղտնիքը և այն անհասկանալի զգացման գաղտնիքը, որը ես զգում էի, երբ այդ երկու երևույթների հետ էի շփվում: Ինձ համար պարզ դարձավ, որ այդ երկու երևույթները նման են այն նախապատմական քանդակին, որն իր հանճարեղ պարզությամբ նախասկիզբը դարձավ մինչ այժմ ստեղծված բոլոր քանդակների և արվեստների, որոնք այն ուղղահայաց կանգնեցված քարի ածանցյալներն են:
Ահա թե որտեղ է թաղված եգիպտական բուրգերի և Վրույրի արվեստի գաղտնիքը: Իսկ գաղտնիքը այն է, որ երկուսն էլ մեզ իրենց պարզությամբ ճարտարապետության և նկարչության նախասկիզբն են տանում, որից այն կողմ` բոլորն ածանցյալ են:
Յուրի Խաչատրյան
"Ոգեվոր դաշնություն"
5-6-րդ դարերի չին մեծ նկարիչ և արվեստի տեսաբան Սե-Խսեն իր “Հնագույն գեղանկարչության սահմանները” նշանավոր տրակտատում բերում է կերպարվեստի այն վեց հիմնական օրենքները. որոնք ըստ չինացի վարպետի ներկայացնում են
“գեղանկարչության տեսության Էությունը, ինչը տասը հազար սերունդների կյանքում մնացել Է անփոփոխ”: Այդ օրենքներից առաջինը արվեստից ու արվեստագետից պահանջում Է "հոգևոր դաշնություն”... Արդի հայ գեղանկարչության ամենահետաքրքիր դեմքերից մեկի՝ Վյույր Գալստյանի նկարչությունն իր Էության մեջ համակ “հոգևոր դաշնություն” Է: Այդ նկարչությունը, որ մեր կերպարվեստի իսկական հաղթություններից մեկն Է, հիմնականում ձեվավորվել Է համընդհանուր խլության և համընդհանուր համրության այն տարիներին, որոնց ողբերգական և հուսահատ արձագանքը անդրադարձով մեզ Է հասնելու դեռ ժամանակներ հետո: Մեր կյանքի վերջին երկու-երեք տասնամյակները քիչ Է ասել, թե աննպաստ ու անբարեհույս ժամանակներ Էին, և այնուամենայնիվ, այդ տարիներին իսկական ու անկաշառ արվեստը, զոհողության ու զրկանքների գնով, շարունակում Էր իր գոյությունը: Մի խումբ անհատների արվեստը այսօր ներկայանում Է իբրև գեղանկարչական մի ամբողջ սերնդի նկարչություն, ինչը ուղղակի պատիվ Է բերում հայ նկարչությանը: Այդ սերնդի նկարիչների մեծագույն առավելությունը ստեղծագործական սկզբունքների ու դավանանքի բարոյական մաքրությունն Է. նրանց արվեստի բարոյական ուժը: Գորշության ու միջակության հոծ միջավայրով անցած արվեստի բարոյական արժեքը այսօր դժվար Է գերագնահատել: Իր էության մեջ այդ արվեստը հակադրվում Էր պաշտոնական պատվեր կատարող, պաշտոնական նկարչություն դարձած կեղծ ակադեմիզմին ու անօգնական լուսանկարչականությանը, որոնք ներկայանում Էին իբրև մեր ժամանակների ռեալիզմի նոր ու բարձր աստիճան: Ահա հակադրության այս անհաշտ ոգին Էլ դառնում Էր այդ արվեստի բուն էությունը: Ճակատագրի հենց այս գիծն Էլ նրանց կապում Էր նախորդ տասնամյակների ամենամռայլ ժամանակներում ստեղծագործած արվեստագետների հետ: Ի պատիվ նրանց, այդ առաջին անհատները կարողացան հեռու մնալ սնափառության գայթակղություններից, իրենց արվեստը զերծ պահեցին օրվա կոչերից, կեղծ լոզունգներից, դարի ու ժամանակի աղմուկներից, արվեստում իշխող գաղափարական ու տեսական խարդավանքներից ու անհեթեթություններից: Նրանք չդավեցին մարդկային բարձր բարոյականության սկզբունքներին. չդարձան, բանաստեղծի խոսքով ասած, “անցողիկի խոսափողը”: Այդ նրանց շնորհիվ Է, որ մենք այսօր բաց ճակատով ենք դիմավորում գեղարվեստական այն սերնդին, որը դառնալու Է մեր բարոյականության վաղվա դատավորը: Եվ այդ նրանց շնորհիվ Է, որ չի խզվում կապը ժամանակների միջև... Ժամանակին նրանք իրենց վրա են կրել գեղարվեստի վարչապետների ու վարչարարների առօրյա հարվածները, ապաշնորհ միջակությունները պրոֆեսիոնալիզմի դասեր են տվել նրանց, խելք ու խրատ սովորեցրել, զանազան հաջողակ ճարպկորդիները նրանց դատապարտել են “գաղափարական ու տեսական սխալների համար”: Բայց նրանք դիմացել են, որովհետև իսկապես նվիրված են եղել արվեստին, իսկապես հավատացել են իսկական արվեստի ուժին եւ որովհետեւ այլ բանի ու այլ կյանքի ընդունակ չեն եղել...
Վրույր Գալստյանը նրանցից մեկն Է:
Նրա նկարչությունը սկիգբ Է առնում 60-ական թվականներին, թեև ինքը նկարչությանը նվիրվել է ավելի վաղ, նույնիսկ ավելի վաղ, քան ավարտում էր գեղարվեստաթատերական ինստիտուտը կամ երբ ընդունվում էր Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան: Նրա կյանքն իր արվեստն է, և իր արվեստը նա ապրել է իր կյանքի պես:
Վյույր Գալստյանը սկսել է այնպես, ինչպես երևի աշխարհի բոլոր նկարիչները յուրացնելով այն ամենը, ինչ սովորեցրել են նկարչական արվեստի ուսուցիչներն ու դասականների արվեստը, ինչին կարելի է հասնել ցանկությամբ, համառ աշխատանքով, տքնանքով: Իր առաջին քիչ թե շատ ուշագրավ աշխատանքներում, մանավանդ նատյուրմորտի ու բնանկարի ժանրերի դասական սահմաններում, նրան նույնպես գրավում է առարկայական աշխարհի ու միջավայրի գեղանկարչական ընկալման ու պատկերման ծանոթ ու գտնված ուղիների գայթակղությունը: Բայց ուսումնառությունն ու ստեղծագործական որոնումները միայն կրկնության համար չեն. արդեն 60-ական թվականների կեսերին Վրույր Գալստյանի նկարչությունը ապրում է լինելության ու ինքնահաստատումի հետաքրքիր ընթացք:
Առաջին ուշագրավ նկարաշարքերը, որոնք ցույց են տալիս նկարչի արվեստի փոխակերպությունների հետաքրքիր ուղին, “Դոն-Կիխոտ”-ն ու “Չարենց-նամե”-ն Էին: “Կարմիր Դոն-կիխոտը”, “Մոխրագույն Դոն-Կիխոտը”, “Իմ Դոն-Կիխոտը” նկարաշարքերը, “Դոն-Կիխոտ” եռանկարը, “Դոն-Կիխոտն ու Սանչո Պանսան”, “Դոն-Կիխոտն ու Ռոսինանտը”, “Դոն-Կիխոտն ու լուսինը” կտավները արդեն երևան էին բերում նկարչի ներքին ընդդիմադիր անհաշտությունը ժամանակի հետ: Նկարչության պաշտոնական սրահները ողողած պատմողական կոմպոզիցիաներին, ներբողափառաբանական գրանկարչությանը նա հակադրում է իր անբաժան հերոսներին՝ աղքատ ու արդարամիտ հիդալգոյին ու պարզամիտ, շիտակ գեղջուկին՝ հավերժական Դոն-Կիխոտին ու Սանչո Պանսային: Շքանշանային տոնավաճառների ու հոբելյանական հրավառությունների ժամանակներում: ԴոնԿիխոտի խորիմաստ կերպարի տևական ու հետևողական վերարծարծումը իհարկե ամենևին էլ զուտ անհատական բովանդակություն չուներ...
Հետագա տարիներին ստեղծված “Դեմքեր ու դիմակներ”, “ Խեղկատակախաղք” նկարաշարքն առավել հստակությամբ են երևան բերում նկարչի դավանած բարոյական ու գեղագիտական սկզբունքները: Նկարիչը միտումնավոր ձևով ջնջում է դեմքի ու դիմակի եղած տարբերությունները դե՞մքն է դիմակ, թե՞ դիմակն է դեմք: Դրանցից ո՞րն է բնորոշ տվյալ ժամանակին, ո՞րն է խորհրդանշում կյանքը: Խեղկատակներն ու ծաղրածուները նկարչի գեղարվեստական երևակայության արդյո՞ւնքն են, զուտ գեղարվեստի խա՞ղ, թե՞ խորհրդանշում են սնափառության առավել քան իրական տոնահանդեսն ու տոնավաճառը...
Սայաթ-Նովայի, Եղիշե Չարենցի, Մարտիրոս Սարյանի, Վահրամ Փափազյանի, Պարույր Սևակի և այլոց դիմանկարները, տարբեր տարիներին ստեղծված ինքնադիմանկարների շարքը վկայում են մարդկային կերպար ներկայացնելու նկարչի յուրօրինակ հայեցակետն ու անսովոր տեսողականությունը: Եղիշե Չարենցի՝ մեր օրերում ստեղծված լավագույն գեղանկարչական դիմանկարը անկասկած ստեղծել է Վրույր Գալստյանը: Այդ կտավը առավելագույնս րնդարձկում է ժանրի հնարավորության սահմանները, այն ավելին է, քան դիմանկարը: Չարենցի այս դիմանկարը վեպ է, ասք, ողբերգություն կյանքի ու ժամանակների, մեծ բանաստեղծի ու մեծ մարդու մասին: Վրույր Գալստյանը ստեղծել է Չարենցի դիմանկարի մի քանի տարբերակներ՝ մեկնաբանման հայեցակետի նրբերանգներով: Վրույր Գալստյանի “Չարենցականը”՝ Չարենցին պատկերող կտավների շարքը, շնչում է մոնումենտալությամբ ու էպիկականությամբ: Այս պատկերներում կա հզոր թափ, բանաստեղծի “շռնդալից քնար”-ին արժանի գեղանկարչական լեզու, խոսք և մտածողություն: Բայց դրա հետ միասին այդ դիմանկարներում նաև “Գիրք ճանապարհի”-ի Չարենցն է՝ ողբերգական, միայնակ, բացառիկ, անպարտելի ու… անմահ: Չարենցի դիմանկարներից յուրաքանչյուրն ունի գեղանկարչական ու գեղարվեստական իր առանձնահատկությունները, թեև գրանցում ընդհանուրը այն է. որ նկարիչը գնում է ոչ թե դեպի բնության ճշգրիտ պատճենումը, այլ դեպի ոգու խորհրդանիշը- նշանը-ընդհանրական պատկերը...
Արդեն 70-ական թվականներին, երբ նկարիչը հաստատել է իր դավանած ստեղծագործական, ասել է, թե նաև բարոյական սկզբունքները, նա աստիճանաբար հեռանում է առարկայական աշխարհի նյութական որոշակիության պատկերումից՝ գնալով դեպի զուտ գունային մտածողության ասպարեզը: Առարկայի նյութականությունը կարծեք թե կաշկանդում է նկարչին, ճնշում է նրա գեղարվեստական մտածողության վրա, փակում նրա ստեղծագործական երևակայության հորիզոնը: Եվ աստիճանաբար արվեստագետի տեսողականությունը հաղթահարում է ավանդական ընկալման սահմանները: Նկարիչը գնում է դեպի իր նկարչության ազատագրումը առարկայականության պարտադրած գունային սահմանափակումներից ու կաշկանդումներից, առարկայականության պարտադրած պատմողական ու գրական տեսողականությունից, առարկայի տեսողական ընկալման ակնհայտ, ձևածավալային ու լուսաստվերային բնութագրումից: Նկարիչը ապավինում է մաքուր, հստակ ու հասարակ գույնին: Աստիճանաբար գույնը դառնում է նրա ճարտարակազմական հորինվածքների հիմնական կազմակերպող տարրը: Բայց նույնիսկ այդ սահմանների մեջ նրա կտավներում գույնը որքան որ պայմանավորված է իր միջավայրով, նույն չափով էլ հանդես է գալիս իբրև ինքնուրույն ու ինքնակա միավոր: Գույնի հարթապատկերային ուրվազիծուրվանկարը, պարզ ու հստակ գունաբիծը Վրույր Գալստյանի կտավներում երկրաչափորեն կանոնավորհաստատուն է, որոշակի, ներդաշնակ ու համաչափ, “վրձնի հարվածները ուժեղ են, գույնը՝ հասարակ ու լուսավոր”: Շրջապատող աշխարհի գունագեղ գեղեցկությունը նկարիչը կարողանում է արտահայտել իրոք “հասարակ ու լուսավոր գույներով”:
Իր սկզբունքներին արվեստագետը հավատարիմ է թե' բնանկարներում, թե' դիմանկարներում, թե' կառուցվածքային բազմազան հորինվածքներում՝ լինեն դրանք յուղաներկ, թե գրաֆիկական գործեր, վիտրաժի էսքիզ, թե այլ մի բան...
Նկարչի ստեղծագործական կյանքի տարիները համընկան բավական անփառունակ ժամանակների հետ: ճիշտ է, այդ ժամանակները գրեթե ոչինչ չտվեցին նրան իբրև բարոյական հատուցում. նա չուներ ո՛չ կոչումներ, ո՛չ մրցանակներ: Բայց և ճիշտ է այն, որ նրան է մնում իր ամենամեծ կոչումը՝ Վրույր Գալստյանը իսկական նկարիչ է, և որ նրանն է թերևս ամենամեծ մրցանակը՝ ժամանակի քննությունը բռնած,ժամանակի փորձության պատնեշը հաղթահարած իր արվեստը: